Silicon Mountains համաժողովը մեկնարկեց Երևանում

Silicon Mountains համաժողովը մեկնարկեց Երևանում

«Խելացի լուծումներին» նվիրված Silicon Mountains համաժողովը Երեւանում միավորել է ՏՀՏ ոլորտի առաջնորդներին

Դեկտեմբերի 4-5 Երևանում անցկացվեց ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին նվիրված Silicon Mountains համաժողովը, որի կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է (ՏՀՏԳՄ)՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ: Գլխավոր գործընկերը ՎիվաՍել–ՄՏՍ–ն է:

Համաժողովի շրջանակում Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված արտասահմանյան փորձագետները Հայաստանի գործարար համայնքին, պետական հատվածին, ՏՀՏ կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ստարտափներին և լավագույն ուսանողներին ներկայացրել եւ նրանց հետ քննարկել են առաջիկա տարիների մարտահրավերները, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային ուղղությունները, ՏՀՏ կիրառման կարևորությունը տնտեսության տարբեր ճյուղերում։

Ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ լիովին աջակցում է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ջանքերին: Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը, նոր տեխնոլոգիաները, մեքենայական ուսուցումը, մաթեմատիկական մոդելավորումը Հայաստանի համար բացարձակ առաջնահերթություն ներկայացնող ուղղություններ են:

«Աշխարհում այսօր մեծ մրցակցություն կա, և պետք է շատ ջանք գործադրել, շատ աշխատել՝ հաղթելու և տեղեկատվական ոլորտում սեփական նավահանգիստը կառուցելու համար: Մենք կարող են շատ բան անել միասին՝ և՛ արտերկրի մեր հայրենակիցների հետ, և՛ մենք՝ Հայաստանում, որպես պետություն, որպես կառավարություն, որպես մասնավոր հատված, ա՛յն հայերի հետ, որոնք արդեն ներգրավված են արդյունաբերության մեջ, և ա՛յն հայերի հետ, որոնք վաղն են ներգրավվելու: Հավատում եմ, որ կարող ենք «Սիլիկոնյան լեռներ» ունենալ, քանի որ մենք աշխատասեր, ազնիվ, ճկուն ազգ ենք, որը դժվարություններ է վերապրել և գտել ճիշտ լուծումները: Դա մեր ԴՆԹ-ում է: Յուրաքանչյուրը պետք է իր նպաստը բերի: Երբ կհամախմբվենք, ջանքեր կներդնենք, կձևավորենք բոլորիս համար գերակա առաջնահերթությունը՝ նոր տեխնոլոգիաների զարգացումը, համարելով, որ Հայաստանը կարող է և պետք է դառնա աշխարհի տեխնոլոգիական առաջատար երկիր, միայն այդ դեպքում կհաջողենք»,- ընդգծել է նախագահը:

ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը շնորհավորել է այս համաժողովը Հայաստանում առաջին անգամ անցկացնելու կապակցությամբ՝ նշելով, որ 2019թ-ը տեխնոլոգիական տարի էր Հայաստանի համար:

«Մենք պլանավորում ենք Հայաստանը դարձնել տարածաշրջանային կենտրոն։ Ինչո՞ւ է Միլիկոնյան հովիտը համարվում կենտրոն, որովհետև այնտեղ կան մեծ խաղացողներ, տաղանդավոր մարդիկ ձգտում են գնալ այնտեղ, քանի որ այնտեղ կան ենթակառուցվածքներ, էկոհամակարգ, հնարավորություն կա սովորելու, կիսվելու, կա հնարավորություն դառնալու մեծ ընկերություն։ Կենտրոն լինել, նշանակում է տալ, կենտրոն լինել նշանակում է ունենալ ուժեղ էկոհամակարգ։ Հայկական վիրտուալ կամուրջ ծրագիրը նպատակ ունի Հայաստանը կապել այլ կենտրոնների հետ, ինչպիսին Սիլիկոնյան հովիտն է։ Մենք պլանավորում ենք այնտեղ ունենալ մեր տարածքը, ուր հայ ինժեներներն ու ձեռներեցները կարող են որոշ ժամանակ ապրել, սովորել,ունենալ իրենց գրասենյակը և ծրագրեր նախագծել»,- նշել է նախարարը։

Համաժողովի պատվավոր հյուրն էր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական դոկտոր Տակեո Կանադեն: Նրա ելույթը նվիրված էր բազմատեսախցիկ տեխնոլոգիաներին: Ելույթի ընթացքում ճապոնացի գիտնականը պատմել է իր անցած ուղու, գրանցած հաջողությունների եւ ապագայի տեսլականի մասին:

«Ինձ համար մեծ պատիվ է դառնալ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր: Ես լսել եմ, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտն ավելին է, քան պարզապես կարգախոս: Սա շատ ողջունելի է, եւ պատվաբեր է նման երկրի կողմից այսպիսի մրցանակի արժանանալը»,- ընդգծել է դոկտոր Տակեո Կանադեն:

Համաժողովի առաջին օրը կայացել են քննարկումներ հետևյալ թեմաներով՝ կիբերանվտանգություն, արհեստական բանականություն, իրերի համացանց, ժամանակակից ՏՀՏ կրթության մարտահրավերները։

Միջոցառմանը մասնակցում են բանախոսներ համաշխարհային առաջատար կազմակերպություններից՝ Microsoft, Cisco, nCipher Security եւ NXP Semiconductors:

Cisco Systems ընկերության կիբերանվտանգության վաճառքների ղեկավար Բրեմտան Մուջեբը ներկայացել է «Վստահության ձևավորումը կիբերանվտանգության միջոցով» ելույթով:

nCipher Security ընկերության Ավագ համակարգային ճարտարագետ Վոլկեր Սեմմելմաննը խոսել է «Վստահության սկզբնաղբյուրը կապակցված աշխարհում» թեմայով:

Արհեստական բանականության տեխնոլոգիաների վերջին զարգացումների շուրջ ելույթ է ունեցել Մայքրոսոֆթի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գլխամասի Արհեստական բանականության ուղղության ղեկավար Դմիտրո Տուրչինը:

Cisco Systems-ի Տարածքային բիզնես ղեկավար Դմիտրի Կորեյբան էլ անդրադարձել է ՏՀՏ կրթության մարտահրավերներին և ապագային:

«NXP Semiconductors» ընկերության ավագ փոխնախագահ Կեվորկ Քեչիջյանը խոսեց «Անտանգ կապեր ավելիխելացի աշխարհի համար» թեմայով:

«Վերջին շրջանում Հայաստանում բավական շատ միջոցառումներ են տեղի ունենում, եւ բոլորը, այդ թվում՝ Silicon Mountains-ը, հնարավորություն են նշելու Հայաստանը տեխնոլոգիական քարտեզի վրա՝ որպես մեծ պոտենցիալ ունեցող երկիր: Մենք կարող ենք ողջ աշխարհին ցույց տալ, որ բացի այն, որ գլոբալ շուկայից բավական լուրջ դեմքեր են գալիս Հայաստան եւ կիսվում իրենց պատկերացումներով, նաեւ մենք հնարավորություն ունենք կիսվել նրանց հետ մեր փորձով, որը նրանք կարող են տանել իրենց հետ եւ կիրառել սեփական ընկերություններում»,- ասել է ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

Համաժողովի երկրորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք B2B հանդիպումները ուղղված կլինեն ՏՀՏ «խելացի լուծումների» գործնական կիրառմանը տնտեսության մեջ:

Source:  ueict.org